Թուրքիան փակել է օդային տարածքը Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Flyone Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը տեղեկացրել է Անկարայի կողմից հայկական ավիաընկերության համար Թուրքիայի օդային տարածքը փակելու մասին։
Չավուշօղլուի խոսքով՝ հայկական օդանավերի համար երկրի օդային տարածքը փակելու պատճառը Եր7անում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի բացումն էր։ «Ես չեմ կարող դա ընդունել։ Ի պատասխան՝ մենք փակեցինք մեր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար։ Հանդիպմանը Թուրքիա կգա միայն Հայաստանի խորհրդարանի նախագահը, մենք բացառության կարգով թույլ ենք տվել»,- ասաց նա։
Թուրք նախարարի խոսքով՝ եթե Երևանը կրկնի նման քայլերը, Անկարան «նոր միջոցներ կձեռնարկի»։
Ապրիլի 25-ին Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բացվեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, Օսմանյան կայսրության և Ադրբեջանի ղեկավարների դեմ հաշվեհարդարի գործողություններ իրականացրած «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը։