Մոսկվան հավատարիմ է մնում 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ հռչակագրերի իրականացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա այսպես է մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վաշինգտոնում։
Զախարովան նշել է, որ Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, համապատասխանաբար, «մասնակիցներին պետք է հարցնել գործընթացի մասին»։ «Հավանաբար, հանդիպման արդյունքներով, երբ կողմերի հայտարարությունները հնչեն, հնարավոր լինի կարծիք կազմել և, թերևս, դա մեկնաբանելու իրավունք կտա։ Բայց դա կլինի ավելի ուշ», – բացատրեց նա:
Զախարովան Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը հիշեցրել է, որ Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց պատրաստակամությունը։ «Ժամանակի մասին կհայտարարվի ավելի ուշ»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր։
Միրզոյանը ապրիլի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Հայաստանի արտգործնախարարությունը նշել էր, որ այնտեղ նա բանակցություններ է վարելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։