Մեր տարածաշրջանում խաղաղության այլընտրանք գոյություն չունի, ուստի Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ առկա խնդիրները բանակացություններով լուծելու իր քաղաքականությանը: Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է խաղաղության պայմանագրի կարևորության դերը՝ վերահաստատելով, որ պատրաստակամ է ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն դրա համար առակա են խոչընդոտներ: Գլխավոր խոչընդոտը Փաշինյանը համարում է այն, որ չկա որևէ համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում:
«Մինչ օրս հնարավոր չի եղել համաձայնեցնել այնպիսի տեքստային ձևակերպումներ, որոնցում հստակ նշված կլինի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 800 քառակուսի կմ տարածքով: ԼՂ-ի հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման մեխանիզմը դեռևս անորոշ է:
Անորոշ է նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափը, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում: Մինչ այս պահը հնարավոր չի եղել համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարակարծությունները հաղթահարելու մեխանիզմները»,- նշել է վարչապետը և դրանց կարևորությունը հիմնավորել նրանով, որ Ադրբեջանը շարունակում է խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը:
Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանում խաղություն հաստատելու համար հայկական կողմը շարունակում է ջանք չխնայել և գնալ երկխոսության: