Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնական տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց դա միակը չէ: Այս կոնտեքստում առավել կարևոր է ԼՂ հայերի իրավունքների պաշտպանությունը: Նշել է ՀՀ վարչապետը՝ Պրահայում պատասխանելով «Ազատության» հարցին՝ որո՞նք են այն հարցերը, որոնց շուրջ վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մնացել են տարակարծիք։
«Չնայած Պրահայում և Սոչիում արձանագրվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, մենք դեռ չենք կարող համաձայնության գալ խաղաղ պայմանագրի նախագծում այն ձևակերպման շուրջ, որը մեզ վստահություն կտա, որ Ադրբեջանը կճանաչի Հայաստանի 29 800 քառ.կմ-ը»,- մասնավորեցրել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ կա նաև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խաղաղության երաշխավորման խնդիր։ Եվ հաշվի առնելով զորքերի դուրսբերման հետ կապված միջազգային և տարածաշրջանային մեխանիզմները՝ հարց է առաջանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապառազմականացված սահմանային գոտի ստեղծելու մասին:
Փաշինյանն արձանագրել է, որ տարակարծություններում կա որոշակի շարժ, եթե նախկինում կողմերի դիրքորոշումների միջև տարբերությունը 1 կմ էր, հիմա՝ 990 մետր՝ ընդունելով, որ այս տարակարծությունները հսկայական են, բայց շարժն արդեն դրական է գնահատվում:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանն առաջընթաց են գրանցել, սակայն որոշ հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները դեռևս տարամետ են։