Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով: Այս մասին իր շնորհավորական ուղերձում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ դա առաջին հերթին կապված է 2020թ. 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների հետ, պատերազմի ընթացքում Շուշիի կորստով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող ագրեսիվ քաղաքականությամբ:
«Միջազգային փոթորկալից իրադրությունն ավելի է սրում այդ իրավիճակը, որովհետև մեր տարածաշրջանի անվտանգային համակարգերը դեֆորմացված են»,- գրել է վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ այս իրավիճակում Հայրենիքի համար իրենց կյանքը տված նահատակների առաջ ամենամեծ պարտավորությունը պետականության ուժեղացումն ու զորացումն է, և այս ծրագրի մաս պիտի լինի տարածաշրջանում հարաբերությունների կարգավորումը:
Այս մոտեցումն է, որ, ըստ վարչապետի, պիտի երաշխավորի հայ ժողովրդի լինելիությունն իր Հայրենիքում: Ուժեղ ու զարգացած Հայաստանի Հանրապետությունն է, որ պիտի դառնա մեր բոլոր նահատակների մեծարման ու հիշատակի առհավատչյա:
«Պատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Այդ գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ Խորհրդային բանակի, դաշնակցային բանակների կազմում, պարտիզանական և դիմադրության ընդհատակյա գործունեության մեջ զգալի ներդրում ունեցան մարդկությունը ֆաշիզմից փրկելու գործում»,- գրել է նա՝ հիշեցնելով, որ պատերազմում ունեցանք ավելի քան 300 հազար զոհ:
«Շուրջ 107 հայորդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, բազմաթիվ հայեր բարձր պարգևներ են ստացել ԽՍՀՄ-ի և դաշնակից երկրների կողմից՝ հայ ժողովրդի պատվավոր տեղն ապահովելով ֆաշիզմի դեմ պայքարում»,- նշել է երկրի ղեկավարը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ այսօր Արցախը կրկին հայտնվել է գոյաբանական պայքարի կիզակետում:
«Ադրբեջանի իշխանությունների կողմից արդեն հինգ ամիս շարունակվող շրջափակումը նպատակ ունի հոգեբանական ու ֆիզիկական ճնշման միջոցով կոտրել մեր ժողովրդի կամքն ու պայքարի ոգին, անվտանգային սպառնալիքի տակ ստիպել լքել հազարամյակների պատմություն ունեցող մեր պապերի հողը կամ դառնալ հպատակ:
Թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները, Հարությունյանի խոսքով՝ մեզ համար նորություն չեն: Մենք դա լավ գիտենք, ինչպես և լավ գիտենք հայ ժողովրդի միասնականության ուժն ու զորությունը, որը դրսևորվել է մեր պատմության ամենավճռորոշ շրջափուլերում:
«Այսօր նորից համազգային միասնությունը դարձել է օրվա հրամայական: Մենք երկմտելու կամ ընկրկելու իրավունք չունենք: Ճանապարհը մեկն է. Արցախը եղել է, կա ու պետք է լինի հայկական՝ իր ժողովրդի ազատ կամքով և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքով ու վճռականությամբ»,- գրել է նա՝ նշելով, որ այդ նպատակին պետք է ծառայեն բոլորի ջանքերը՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: