ՀԱՊԿ-ից ու ԵՄ-ից Երևանի չափազանցված սպասելիքները հաշվի չեն առնում առկա իրողությունները. այսպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ԵՄ-ի և ՀԱՊԿ առաքելությունների հասցեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը։ Նա ՀԱՊԿ-ի հասցեին Երևանի քննադատությունն անվանել է «հակաարդյունավետ»։
Զախարովայի խոսքով՝ տարակուսելի է Հայաստանի պաշտոնական ղեկավարության ցանկությունը՝ քննարկել կազմակերպության արդյունավետության հարցերն իրենից դուրս։ «Դրա համար ՀԱՊԿ-ն ունի բոլոր անհրաժեշտ ձևաչափերը, փոխգործակցության հաստատված ուղիները, և որ ամենակարևորն է՝ այս կազմակերպության անդամները պատրաստ են լսել այս ամենն ու աշխատել այս ուղղությամբ»,- հավելել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ ամեն դեպքում Ռուսաստանը Հայաստանից քայլեր է ակնկալում հանրապետություն ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու վերաբերյալ առարկայական աշխատանքները վերսկսելու համար։ «Ռուսական կողմը պատրաստ է նման աշխատանքի, ինչին Երևանը քաջատեղյակ է»,- հավելել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո զգալի առաջընթացի մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունները ոչ համապատասխան է անվանել Երևանի և Բաքվի մեկնաբանություններին։ «Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներում առաջընթացի հետ մեկտեղ Հայաստանն ու Ադրբեջանը նշել են հիմնական հարցերի շուրջ տարաձայնությունների պահպանումը»,- պարզաբանել է նա։
Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն կշարունակեն աշխատել երկկողմանի հիմքով խաղաղության պայմանագրի շուրջ։ «Մենք տեսնում ենք մեր դերն այս գործընթացի դյուրացման մեջ, հետևաբար Մոսկվան արդեն հարթակ է առաջարկել երկու երկրների արտգործնախարարների միջև բանակցությունների համար»,- եզրափակել է Զախարովան։
Մայիսի 4-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում անվտանգության երաշխիքներ չի տալիս և կարող է մարտահրավերներ ստեղծել։ «ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրելու որոշումը հեշտ չէր, քանի որ այն անվտանգության երաշխիքներ չի տալիս, բայց, մյուս կողմից, կարող է մարտահրավերներ ստեղծել»,- ընդգծել էր վարչապետը։