Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ուժերի համար յուրաքանչյուր քվեն կարևոր է ու որոշիչ։ Ուստի, նախընտրական քարոզարշավի շրջանակներում հատուկ ուշադրություն են դարձնում ազգային փոքրամասնություններին և փորձում նրանց ներկայացուցիչներին ներգրավել կուսակցության կամ դաշինքի շարքերը։ Այս մասին գրում է Ermenihaber.am կայքը:
Այս տարի, ինչպես ավելի վաղ հայտարարվեց, Կարո Փայլանը չի ընդգրկվի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ցուցակներում, քանի որ թույլատրելի առավելագույն երկու անգամ (8 տարի) նա եղել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր ԺԴԿ-ից։ Այդ օրերին մամուլում տարբեր տեղեկություններ էին պտտվում, որ կուսակցությունը կարող է այլ հայ պատգամավորի թեկնածու առաջադրել, սակայն հրապարակված ցուցակներից պարզ դարձավ, որ հայ թեկնածու այս տարի չկա։
Այլ կուսակցություններ, սակայն, այս տարի իրենց ցուցակներում ընդգրկել են պատգամավորության հայ թեկնածուների։ Հատկանշական է, որ բոլորն էլ Ստամբուլից են։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերն է համալրել պոլսահայ Սևան Սըվաջըօղլուն, ով ցուցակում ներկայացված է Ստամբուլի 2-րդ շրջանից 9-րդ համարով: Վերջինս մասնագիտությամբ բժիշկ է, աշխատում է հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում, բայց զուգահեռ ծավալում է նաև քաղաքական գործունեություն: Հարկ է նշել, որ նա ԱԶԿ Կենտրոնական գործադիր խորհրդի անդամ է։
48-ամյա Սըվաջըօղլուն ծնվել է Ստամբուլում, բայց արմատներով Մալաթիայի Արաբկիր շրջանից է։ Դրանից բացի՝ Սևան Սըվաջըօղլուն 2019-ին պատրիարքի ընտրությանը մասնակցած 12 անձանց թվում էր, երբ Թուրքիայի Հայոց պատրիարք ընտրվեց Սահակ Մաշալյանը։ Սըվաջըօղլուն մասնագիտացած է արթրոպլաստիկայի, արթրոսկոպիայի, սպորտային վնասվածքների, ծնկների վիրաբուժության, վնասվածքների և ողնաշարի վիրաբուժության ոլորտում։ Տիրապետում է անգլերենին, ամուսնացած է, ունի 2 դուստր։
Իշխանությունից հետ չի մնում նաև գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ժողովրդահանրապետականը»։ Նրանց ցուցակներով կրկին Ստամբուլից, այս անգամ արդեն 3-րդ շրջանից առաջադրվել Բաքըրքյոյի շրջանի ԺՀԿ-ական անդամ Մարգարիտ Դիքմեն։ Նա ցուցակում 23-րդն է։ Դիքմեի մասին շատ տեղեկություններ հայտնի չեն և նրա քաղաքական գործունեության մասին այդքան հաճախ չի խոսվել։ Չնայած նա ևս ակտիվորեն մասնակցում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում համաքաղաքացիների հետ կազմակերպված հանդիպումներին՝ խորհրդարանում հայտնվելու շանսերը բավական ցածր են։
Ազգույթամբ հայ պատգամավորի հաջորդ թեկնածուն Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցությունից գրող Պողոս Մասիս Քյուրքչյուգիլն է։ Նա ցուցակում 13-րդն է և ներկայացված է Ստամբուլի երկրորդ շրջանից։ Ունի հրատարակած բազմաթիվ գրքեր՝ «Մեկ այլ պատմություն հնարավո՞ր էր․ գրառումներ Հայկական հարցի վերաբերյալ», «Մեզ համար լաց մի՛ եղիր, ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ)», «Լատինական Ամերիկայի եռացող երակները» և այլ գրքեր, ինչպես նաև թղթակցել է «Ակոս» և այլ տեղական մի շարք թերթերի։
Հաշվի առնելով ԱԿ-ի խիստ սահմանափակ տեղերը՝ պետք է նշել, որ այս թեկնածուն ևս մեծ շանսեր չունի խորհրդարանում (մեջլիս) հայտնվելու համար։
«Կարելի է ասել, որ վերոնշյալ երեք թեկնածուներից ամենաշատ շանսերն ունի իշխող ԱԶԿ-ի ցուցակներով առաջադրված Սևան Սըվաջըօղլուն։ Պետք է նշել, որ, չնայած նա ազգությամբ հայ է և հայկական համայնքի ներկայացուցիչ, սպասել, որ նա կարող է մեջլիսում անել այն, ինչ անում էր Կարո Փայլանը, մեղմ ասած ճիշտ չէ։ Ընդհակառակը, երբեմն իշխանական գաղափարախոսության և քաղաքականության որդեգրած դիրքորոշումները կարող են կաշկանդել վերջինիս՝ ստիպելով ավելի մեղմ ու զգույշ դիտարկումներ ու ելույթներ ունենալ խորհրդարանական ամբիոնից»,- հայտնում է աղբյուրը։