«Գազել»-ի բոլոր հին միկրոավտոբուսները մինչև սեպտեմբերի 1-ը կփոխարինվեն նոր ավտոբուսներով, Երևանի ավագանու նիստում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն ասաց, որ Երևանի ողջ երթուղային ցանցն արդեն թվայնացվել է։ Նրա խոսքով, 363 միկրոավտոբուսները, որոնք այսօր սպասարկում են 24 երթուղիներ, կփոխարինվեն 143 ավտոբուսներով, ինչը կթեթևացնի երթևեկությունը։
«Մշակվել է հստակ ժամանակացույց։ Մասնավորապես, թիվ 3 և 12 երթուղիները սպասարկող «Գազելները» հունիսի 1-ից կփոխարինվեն մեկ ավտոբուսային երթուղիներով, քանի որ դրանք կրկնվող երթուղիներ են։ Փոփոխությունները կկատարվեն 15 օրը մեկ։ Գործընթացը կսկսվի հունիսի 1-ին և կավարտվի օգոստոսի 15-ին»,- պարզաբանեց Հարությունյանը։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի խոսքով՝ հունիսի 1-ից իշխանությունները կներկայացնեն նոր երթուղի, որը 45 րոպե ընդմիջումներով կսպասարկեն MAN ավտոբուսները՝ «Զվարթնոց» օդանավակայան-Իսակովի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ՝ շրջանաձև երթևեկությամբ։