Ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երևանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը․ այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի, հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն՝ անդրադառնալով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու հատկանիշներով հարուցված քրվարույթի շրջանակներում կալանավորելու որոշմանը։
«Թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, հենց նրանք են, որ իրենց լկտի ու անհեռատես արարքներով ավելի ևս բորբոքում են այդ լարվածությունը: Այսպես շարունակվելու դեպքում մեր երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթյունավտանգ հեռանկար է սպասում: Սա արձանագրելով հանդերձ՝ միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ անընդունելի են նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի դրսևորումները»,-գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը։շ
Մայիսի 17-ին հայտնել էինք, որ փորձել են առևանգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։
Նույն օրը Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով ձերբակալվել էին 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներ։ Armenia Today-ը նաև տեղեկացրել էր, որ Շենգավիթի քննչական բաժնի մոտ հավաքվածների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։
Մայիսի 17-ին Քննչական կոմիտեում ոստիկանությունում տված հողորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել․ այն է՝ մարդուն առևանգելը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։
Մայիսի 18-ին ձերբակալվածներն ազատ են արձակվել։ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, սակայն, տեղափոխել է ձերբակալվածների պահման վայր, որտեղ նա մայիսի 17-ից հացադուլ էր հայտարարել։ Երեկ՝ մայիսի 20-ին, նա դադարեցրել է հացադուլը։
Մայիսի 18-ին Գայանե Հակոբյանի և ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի միջև առերեսում է եղել։
Մայիսի 20-ին դատարանը կալանավորել է Գայանե Հակոբյանին, որից հետո բողոքի ցույց էր սկսվել Երևանում։