ՔԿ պաշտոնյաների աշխատավարձը կավելանա դրույքաչափի 92 տոկոսով: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վճարել ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Պատգամավորները հարցն առաջին ընթերցմամբ քննարկել են մայիսի 23-ի ԱԺ նիստում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի տեղեկացմամբ՝ 2020 թվականի դրությամբ Կոմիտեի վարույթում քննվել է 32.483 քրեական գործ, 2021 թվականին` 41.883 քրեական գործ, 2022 թվականին` 59.830 քրեական վարույթ: Եթե 2020 թվականին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 73 վարույթ, ապա 2021 թվականին դրանց թիվը կազմել է 87, իսկ 2022 թվականին` 111 վարույթ:
Արսեն Այվազյանի խոսքով նախագծով առաջարկվող կարգավորումները փոխկապակցված են ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության, ինչպես նաեւ 2019-2022 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության հետ. «Ռազմավարություններից հետեւում է, որ անհրաժեշտ է իրականացնել քննիչների աշխատավարձերի բարձրացում»,- ընդգծել է նա:
Արսեն Այվազյանի տեղեկացմամբ սկսնակ քննիչի աշխատավարձը կազմում է մոտ 300 հազար դրամ, հավելումների դեպքում այն կկազմի շուրջ 570 հազար դրամ: Ըստ այդմ քննիչների հաստիքների ավելացումը ծանրաբեռնվածության նվազեցման չի բերելու:
Հայաստանում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի մոտ 95 տոկոսը քննվում է Քննչական կոմիտեում: Քրեական գործերի նման քանակական աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամանակը հաճախ հասնում է 12-13 ժամի: Այվազյանի խոսքով վերջիններս հաճախ աշխատում են ոչ աշխատանքային ժամերի եւ օրերի: Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունիսի 1-ից: