Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն պայմանավորվել խորհրդային ժամանակաշրջանի անկլավների պատկանելության հարցում, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով իր՝ մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը:
Նրա խոսքով՝ հարցն այն է, թե անկլավների հարցն ինչ համատեքստում ենք դիտարկում՝ պատերազմի՞, թե՞ խաղաղության մեջ: «Եթե դիտարկում ենք խաղաղության համատեքստում, ապա անկլավների հարցն այնքան էլ ծանր չէ»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ այն բնակավայրերը, որոնք գտնվում են սահմանից այն կողմ, կմնան այն երկրի տարածքում, իսկ որոնք այս կողմում են՝ կմնան մեր երկրի տարածքում:
Փաշինյանի խոսքով՝ սա այն կետն է, որտեղ ճկությության շատ մեծ տեղ կա: Օրինակ՝ ոմանք փոխանակում ասելու տակ հասկանում են՝ նրանք գալիս են-մենք գնում են, ոմանք՝ նրանք չեն գալիս-մենք չենք գնում:
Անկլավների հարցն, ըստ վարչապետի, գոյություն է ունեցել շատ վաղուց: Հրապարակված փաստաթղթերից, օրինակ, 1999 թվականի տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ չորրորդ հոդվածը նվիրված է անկլավներին: Քաղաքական մակարդակում Մյունխենում ու Բրյուսելում եղել է խոսակցություն, թե ենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկլավների գոյությունը… որ կա Արծվաշեն, որը պատկանել է ՀՀ-ին: Եվ կան տարածքներ Հայաստանում, որոնք պատկանել են Ադրբեջանին, այո՛: Փաշինյանի խոսքով՝ իրավական մակարդակում այլ հարցեր կան, որի մասին հայտնել է տեղում:
Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքի 29,8 հազար քառ. կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է, Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմ-ի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները:
«Անկլավների թեմայի հետ կապված տարբերակները մի քանիսն են, դրանցից մեկը կարող է լինել, որ այս գծի երկու կողմում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որտեղ գտնվում են՝ այսինքն կիլոմետր քառակուսիների ճշգրտումներով»,- ասաց նա և նշեց, որ սա դեռ պետք է համաձայնեցվի: Փաշինյանի խոսքով՝ մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այդ տարածքները լինեն համապատասխան․ «Այսինքն՝ Արծվաշենը վերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո, մյուս տարածքները, որոնք դե յուրե կհիմնավորվեն, վերադառնան»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: