Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջիկա հանդիպմանը կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը հատելու կարգը, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նա նշել է, որ կողմերը նույն պատկերացումներն ունեն, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը, և այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները։
«Սրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ խոսքը գնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ընթացակարգի մասին, այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողություն։ Սա շատ կարևոր է», ասել է Օվերչուկը։
Նա նաև հայտնել է, որ երեք երկրների փոխվարչապետերի բանակցությունները տեղի կունենան Մոսկվայում։
Հիշեցնենք, որ Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցեր։
Եռակողմ հանդիպմանը նախորդել էր ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը։ Պուտինը հայտարարել էր Լաչինի միջանցքում Մոսկվայի դիրքորոշման անփոխարինելիության մասին։ Փաշինյանը Պուտինի հետ խոսել էր հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված Երևանի պատրաստակամության մասին։ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է նաև Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։