Նիկոլ Փաշինյանը իր վերջին՝ մայիսի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարեց, որ պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով, որի մեջ մտնում Է Արցախը, ինչպես նաև անկլավները՝ Տավուշի գյուղերը և Տիգրանաշենը։
Armenia Today-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով ինչպե՞ս են վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հետ մեկտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու քաղաքական որոշմանը, ինչպես նաև հայկական անկլավներին այն տարածքների հետ փոխանակելու գաղափարին, որոնք Ադրբեջանը համարում է իր սեփական անկլավը։
Armenia Today-իր հարցված քաղաքացիների մեծամասնությունը շատ բացասական էր գնահատում վերոհիշյալ հայտարարությունները՝ անընդունելի համարելով, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում:
«Մեր զինվորները զոհվել են հանուն Արցախի և շատ սխալ քայլ են անում այսօրվա իշխանությունները, իհարկե, չգիտեմ թե իրենք քաղաքական առումով ինչպես են դա գնահատում, բայց սխալ է: Ծնողների համար հատկապես շատ վատ կլինի, որ իրենք գիտեն որ իերնց որդիներն այդ հողի համար զոհվել են են ու հիմա այդ նույն հողը իրենք հանձնում են: Ինչ վերաբերվում է անկլավներին, նույն կարծիքն եմ, դրական չի իմ կարծիքը»,- նշեց քաղաքացիներից մեկը:
Քաղաքացիներից մեկը ընդգծեց, որ Արցախի խնդիրը մնալու է միշտ, երկարաժամկետ լուծում չէ, վաղը կարող են պահանջել Ջերմուկը, Վարդենիսը:
«Շատ տարօրինակ է, Արցախը մեր անվտանգության գոտին է, Հայաստանում ոչ մեկ չկա, որ այս հայտարարությունները դրական կընդունեն: Եթե հիմա ասենք, որ Արցախը մեզ անհրաժեշտ չէ, վաղը ուրիշ տարածքներ են պահանջելու, կպահանջեն Ջեմուկը, Վարդենիսը: Մարդիկ պետք է հասկանան, որ Ադրբեջանին ինչքան տաս, այնքան ավելի կպահանջի: Անկլավների մասին այս պահին դժվարանում եմ բան ասել: Բայց պետք է հասկանանք, որ այսօր այս հարցը չլուծենք վաղը Երևանի մասին ենք մտածելու, պետք է հասկանանք, որ այս խնդիրը մնալու է միշտ և Արցախը տալը, դա երկարաժամակետ լուծում չէ»,-եզրափակեց մեր հարցված քաղաքացին:
Նկատենք, որ մեր հարցված քաղաքացիներից միայն մեկն է, որ կողմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում:
«Ես ի սկզբանե պարոն Փաշինյանին հավատացել եմ, հեղափոխությունն այնպիսի հեղափոխություն է եղել, որ մինչ օրս չենք մոռացել այդ մասին: Ո՞նց խուսափենք պատերազմից, եթե Արցախը լինի Ադրբեջանի կազմում, մենք պատերազմից խուսափելու ենք: Նույնիսկ թղթաբանությամբ կարող է լինել Ադրբեջանի կազմում, սա մտածելակերպի հարց է, ոչ թե ազգի դեմ գործողոթյուն: Ղարաբաղը ինչ ա որ, տանք Ադրբեջանին վերջանա գնա»,- նշեց քաղաքացիներից մեկը: