Սյունիքի ղեկավարությունն Armenia Today-ին տված մեկնաբանությունում անդրադարձել է Արցախից ներքին տեղահանվածներին, ովքեր չեն կարող վերադառնալ իրենց տները։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ տարածաշրջանում ապրում են Աղավնո և Բերձոր (2022 թվականի օգոստոսին գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Armenia Today-ը ներկայացրել է գյուղերից հեռացող բնակիչների բացառիկ կադրեր) գյուղերից հարկադիր վերաբնակներ և Արցախի բնակիչները, ովքեր Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով չեն կարող վերադառնալ տուն (մայիսի 26-ի դրությամբ միջանցքը փակ է արդեն 166 օր – խմբ.)։
«Արցախցի մեր հայրենակիցները տեղավորվել են Գորիս քաղաքի հյուրանոցներում (Armenia Today-ի նկարահանող խումբը Գորիս էր այցելել 2022 թվականի դեկտեմբերի 27-ին – խմբ.), ապահովված են սնունդով և կացարանով։ Եթե մենք հանդիպել ենք, կհիշեք` ինչպես ենք ամեն ինչ կազմակերպել: Դրանից հետո ոչինչ չի փոխվել։ Նաև ԿԽՄԿ-ն միշտ աջակցում է մեզ»,- ասել է Ղուկասյանը։
Ստեղծված պայմանները չեն կարող փոխհատուցել այն, որ Գորիսում մնացած արցախցիները զրկված են տուն վերադառնալու և իրենց երեխաներին տեսնելու հնարավորությունից, հավելել է նա։
Նա նաև մեկնաբանել է Աղավնոյից և Բերձորից տեղահանվածներին բնակարանով ապահովելու հարցը (Armenia Today-ի նկարահանող խումբը հրետակոծությունից հետո Տեղ գյուղի մասին իր ռեպորտաժում խոսել է նաև Աղավնոյից տեղահանված ընտանիքի մասին – խմբ.)։ Ղուկասյանի խոսքով՝ նրանցից շատերը դեռ չեն կարողանում որոշել իրենց բնակության վայրը և ցանկանում են ավելի մոտ լինել այն վայրերին, որոնք ստիպված են եղել լքել։
«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ ընտրեն, թե որտեղ են ուզում ապրել: Այստեղ մի փոքր պասիվություն ունենք, շատ լավ կլինի, որ մարդիկ իրենք ընտրեն այն վայրը, որտեղ կցանկանային ապրել։
Մանրամասները՝ տեսանյութում: