Մենք որդեգրել և հետևողական իրագործում ենք խաղաղության օրակարգը, որովհետև մեր բոլոր նահատակներն ընկել են ոչ թե հանուն տառապանքի, այլ սեփական ժողովրդի երջանկության, մայիսի 28-ի իր ուղերձում Սարդարապատի հուշահամալիրում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջին Հանրապետությունը չունեցավ ժամանակ. մենք դեռևս ունենք: Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո և կառուցում ենք մի հայրենիք-պետություն, որն այստեղ է և հիմա է, և մենք այլևս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, որովհետև մեր հայրենիքը մեր պետությունն է: Այդ պետությունը և՛ նպատակ է, և՛ միջոց: Նպատակ է, որովհետև հենց պետությունը կարող է լավագույնս արտահայտել իր հիմնադրի՝ ժողովրդի շահը, միջոց է, որովհետև հենց պետությունը կարող է լավագույնս արտահայտել իր հիմնադրի՝ ժողովրդի շահը: Իսկ այդ շահը պարտադրում է ունենալ անվտանգություն, բարեկեցություն և երջանկություն՝ մեր բազմաչարչար ժողովրդի համար, իսկ դա հնարավոր է՝ հարևանների հետ կարգավորված հարաբերությունների պայմաններում, միայն ու միայն խաղաղության պայմաններում, մի բան, որ չունեցավ Առաջին Հանրապետությունը, մի բան, որ, ցավոք, դեռևս չունի Երրորդ Հանրապետությունը»,-ընդգծել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բարեկեցիկ, զարգացած, ապրող ու անվտանգ Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստան պետությու՛նը, որ պիտի հավերժ խաղաղություն բերի մեր բոլոր նահատակների հոգիներին։
Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանում նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի 105-ամյակը։