ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տոնի առթիվ ուղերձներ են հղել։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձում ընդգծել է, որ Սարդարապատի հերոսները թուրք հրոսակների դեմ մղվող գոյամարտում անասելի սխրանքներ գործեցին՝ ի հեճուկս այն վախկոտների, որոնք կոչ էին անում հնազանդվել թուրք նվաճողներին, վայր դնել զենքերն ու ամեն գնով խաղաղություն հաստատել՝ ընդունելով թուրքերի ստորացուցիչ պայմանները:
«Այդպիսի թուլամորթներ կային նաև այն ժամանակվա կառավարության ու բարձրաստիճան զինվորականների շարքերում: Սարդարապատի հերոսներն ընտրեցին պայքարը, բզկտված Հայրենիքի թեկուզ մի փոքր հատվածում, բայց արժանապատիվ՝ ազատ ու անկախ կյանքը: Նրանք ապացուցեցին, որ ազատատենչ ոգին պարտվել չգիտի։ Սարդարապատի հերոսներից շատերը չընկան ռազմադաշտում թշնամու դեմ պայքարում, այլ դավաճանվեցին Հայրենիքում, ամբաստանվեցին, աքսորվեցին ու գնդակահարվեցին սեփական հայրենակիցների ձեռքով՝ նրանց, որոնց փրկել էին թուրքական կոտորածից: Սա մեր պատմության դառը դասերից և ամոթալի էջերից է»,-գրել է Սերժ Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի նվիրյալ զավակների ազգային բարձր գիտակցության, պատմական պատասխանատվության ու արժանապատվության, փառահեղ հաղթանակների մասին են, հերոսներից շատերի կենսագրությունը՝ անձնազոհ խիզախության, պատվախնդրության, բայց և ողբերգական վախճանի մասին:
«Սարդարապատի հերոսամարտը անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր: Այդպիսի ընտրության առջև կանգնում են բոլոր ժողովուրդները՝ բոլոր ժամանակներում։ Այսօր էլ վճռական ընտրության պահն է»,-գրել է նա։
Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանում նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի 105-ամյակը։