Նիկոլ Փաշինյանը Բյուջե-2022 հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է, որ գոհ չի Մոսկվայում տեղի ունեցած քննարկումներից։
Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի ապօրինի փակման թեման քննարկվել է Ռուսաստանի գործընկերների հետ, իրավիճակը ցավալի է, առիթ է ունեցել ասել, որ միջանցքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է։
«Մոսկովյան քննարկումների թեմաներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն էր և մենք ասել են, որ ինչպեո նախկինում մենք պատրաստ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։ Մենք պատրաստ ենք շատ արագ այդ կոմունիկացիաների բացմանը, երկրների սուվերենության և իրավազորության ներքո»,- ասաց նա՝ հավելելով, որ փորձում են աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա։
Վարչապետը նշեց նաև, որ տրամադրված և շահագրգիռ է ենթակառուցվածների ապաշրջափակմանը, սակայն խոսքը երկրների սուվերենության և իրավազորության ներքո կոմունիկացիաների մասին է։ «Ցավոք հարցի լուծումը միայն մեզնից չի կախված, եթե միայն մեզնից կախված լիներ վաղուց լուծված կլիներ»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանը դեռ պատասխան չի ստացել Բաքվից իր առաջարկություններին, որոնք նրան ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններից առաջ, ասաց Փաշինյանը։ Նա այսպես մեկնաբանեց մոտ ապագայում Ադրբեջանի հետ հաշտություն կնքելու հնարավորությունը։ «Այս պահին չկա համաձայնեցված պայմանագրի նախագիծ, որը կարող է ստորագրվել»։