Որոշակի փուլից ատեստավորում չանցած ուսուցիչները այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա, Ազգային ժողովի հանձնաժղովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռազմավարական ուղղություն համարելով ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը ատեստավորման միջոցով:
«Մենք պետք է արձանագրենք, որ «իքս» պահից ես չգիտեմ, թե դա որ թիվը կլինի, ատեստավորում չանցած ուսուցիչներն այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա»,- ասաց նա:
Նա հիշեցրեց, որ 2019 թվականին բոլոր ուսուցչների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացրեցին, բայց արդյունքը տեսանելի չհամարեցին և որոշեցին ատեստավորման ծրագրով իրականացնել:
«Հիմա կառավարությունը իր քայլն արել է, և ուսուցիչներն են որոշում իրենց աշխատավարձը բարձրանա, թե չբարձրանա և եթե բարձրանա, ապա ինչքանո՞վ: Այսօր ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ Հայաստանում կա 30 ուսուցիչ, որը ստանում է 400 հազար դրամից ավելի աշխատավարձ, և նրանք նախկինում ստանում էին 170-180 հազար դրամ, 10 ուսուցիչ կա, որը 350 հազար դրամից ավելի աշխատավարձ է ստանում, 120 ուսուցիչ կա, որը 300 հազար դրամից ավելի աշխատավարձ է ստանում: Ընդհանուր առմամբ ունենք 1 565 ատեստավորված և բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչներ, որոնցից 28 տոկոսը ստանում են 300 հազար դրամից բարձր: Ինչո՞ւ են մնացած կամավոր ատեստավորվածները ստանում ավելի ցածր, իրենք են այդպես որոշել, կարող են հաջորդ փուլերում ավելի բարձր ստանալ»,- ասաց նա և նշեց, որ ուսուցիչների 5,5 տոկոսն է ատեստավորվել:
Վարչապետի խոսքով՝ Գիտության ոլորտում աշխատավարձի նվազագույն բվարձրացումը 2025 թվականին լինելու է 105 տոկոս։
«Այս պրոցեսը շարունակվելու մինչև 2025 թվականը և գիտության ոլորտում աշխատավարձի նվազագույն բարձրացումը, որը մենք ունենալու ենք 2025 թվականին լիենլու է 105 տոկոս, այսինքն առնվազն կրկնապատկում է, իսկ առավելագույնը 300 տոկոս»,- ասաց նա:
Նա հիշեցրեց, որ 2022 թվականը ռազմավարական աշխատավարձերի բարձրացման տարի էր, և 2022 թվականի հունվարի մեկից բարձրացավ գիտնականների աշխատավարձը: Նա նշեց, որ բարձրացվել է պետական ենթակայության բոլոր գիտական հիմնարկների բոլոր այն աշխատողների աշխատավարձերը, որոնք անցել են ատեստավուում: «Մենք որոշել ենք աշխատավարձի ինքնաբերաբար բարձրացման քաղաքականությունից հրաժարվել»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ պետությունը բարձրացրել է մի շարք գիտական պաշտոնների աշխատավարձերը, լաբարանտի աշխատավարձը աճել է 52 տոկոսով, ավագ լաբարանտի աշխատավարձը աճել է 45 տոկոս, կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 40 տոկոս, գիտաշխատողի աշխատավարձը 66 տոկոսով, ավագ գիտաշխատողի աշխատավարձը 102 տոկոսով, առաջատար գիաշխատողի աշխատավարձը 119 տոկոսով, գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 166 տոկոսով, գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 78 տոկոսով: