Պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ նախագահի և Ազգային ժողովի, ինչպես նաև պետական մնացած ինստիտուտների կազմաքանդումը՝ Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ ապացուցում է, որ պատրաստ է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակել Արցախի ժողովրդի էթնիկ զտման և տարածքների բռնազավթման քաղաքականության իրականացումը, հայտնում է Արցախի ԱԺ-ն՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։
«Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Սա ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել՝ այնտեղ տիրող հայատյաց ու հայամերժ քաղաքականությունից բխող գոյաբանական վտանգների պատճառով»,- ասված է հայտարարությունում:
Գերատեսչությունն ընդգծում է, որ Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը, որոնց հենասյուներից են նախագահն ու Ազգային ժողովը: Ուստի վճռականորեն դատապարտում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղության հանդեպ այսպիսի հարձակումները և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները:
«Դիմելով միջազգային հանրության բոլոր դերակատարներին, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած ՌԴ և ՀՀ, ինչպես նաև՝ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ շահագրգռված բոլոր սուբյեկտներին՝ ակնկալում ենք նրանց գործնական ու ակտիվ գործողությունները՝ վերացնելու Արցախի գրեթե վեցամսյա շրջափակումը և այլ շարունակական ոտնձգությունները, ինչպես նաև՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ուղղված նոր հանցագործությունները, այդ թվում՝ հնարավոր ռազմական ագրեսիան»,- հայտնում է ԱԺ-ն:
Նշվում է նաև, որ միջազգային հանրության պարտավորությունն է երաշխավորելու նաև Արցախի ժողովրդի անվտանգությունը, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում միջազգային խաղաղության հանդեպ և պարզապես ձգտում է ազատ ու արժանապատիվ կերպով ապրել իր հայրենի հողում՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հիման վրա:
«Արցախի Ազգային ժողովը, որպես ժողովրդի կողմից ընտրված բարձրագույն մարմին, անկախ Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սպառնալիքներից, կշարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելությունը և ազատ ապրելու մեր իրավունքների պաշտպանությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել Էր արձակել Արցախի Ազգային ժողովը, նաև հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիան «պետք է Բաքվի պայմաններով» իրականացվի: Ալիևը հայտարարել էր նաև, որ Արցախի խորհրդարանը «պետք է լուծարվի, նախագահը պետք է հանձնվի, իսկ բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է լքեն իրենց պաշտոնները»։