Քիշնևում ակնկալում ենք շարունակել քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման շուրջ, Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Կարևոր է վերահաստատել միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և առաջ շարժվել սահմանների դելիմիտացիայի հարցում»,-գրել է Շառլ Միշելը՝ շեշտելով նաև սահմանամերձ շրջաններում ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտության մասին։
Միշելն առանցքային է համարել «Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ»:
«Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքերից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերը բուժելու համար ժամանակ է պահանջվում: Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»,-գրել է նա։
Մայիսի 14-ին Ալիևն ու Փաշինյանը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպել են Բրյուսելում։ Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը զեկուցել է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, երկրների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի, ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև գերիների և անհայտ կորածների հարցը։ Հանդիպման ավարտից հետո Շառլ Միշել հայտարարել էր, որ «Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»։
Հանդիպմանը պայմանավորվել էին շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ձևաչափով՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։
Մայիսի 22-ին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանի տարածքի 29,8 հազար քառ. կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է, Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները»։ Նա նաև հայտարարել է, որ «Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն ԼՂ հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ»: