Մոսկվայում մայիսի 25-ին կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հանդիպման այն հատվածում, որը լուսաբանվել է, ՌԴ նախագահն ասել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող չկարգավորված հարցերը «զուտ տեխնիկական բնույթ են կրում», նիստի հարթակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վիճել են Սյունիքով անցնող երթուղու շուրջ, որն Ադրբեջանն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։
Armenia Today-ը հարցում է անցկացրել Կապանում հասկանալու համար թե ինչպես են քաղաքացիները վերաբերում հաղորդակցությունների ապաշրջափակմանը և ինչ կարծիք ունեն Մեղրիով Ադրբեջանին միջանցք տրամադրելուն, խոսել են նաև խաղաղության պայմանագրի մասին:
Հարցվածների մեծ մասը դեմ է Ադրբեջանին, այսպես կոչված, միջանցք տրամադրելուն։
«Դե, բնականաբար, դեմ եմ, նորմալ մարդիկ դեմ կլինեն` անկախ իշխանության դրսևորած քաղաքականությունից: Խաղաղության պայմանագիրը չի կարող ստրկացուցիչ լինել: Եթե պայմանագրի մեջ կան ստրկացուցիչ տարրեր… Պայմանագիր չի նշանակում երկու կողմի համաձայնություն և մյուս կողմի կամահայտնություն»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Նրանք կարծում են, որ «կյանքի գնով» անհրաժեշտ է կանխել միջանցքի տրամադրումը։ «Կյանքի գնով պետք է միջանցքը չտալ»,- ընդգծել է քաղաքացիներից մեկը:
Նրանցից ոմանք էլ շեշտել են, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, որևէ կարծիք չունեն, սակայն ուզում են ապրել խաղաղ պայմաններում: «Ես ոչ մի բան չեմ մտածում, մտածում եմ ինչ որ անում են հաջողությամբ լինի, ժողովուրդը առողջ լինի»:
Քաղաքացիներից մեկն էլ կարծում էր, որ խաղաղություն կլինի, եթե լինի իշխանափոխություն: Հարցին, թե կապանցին անվտա՞նգ է ապրում, պատասխանել է. «Չեմ կարող ասել, որ խաղաղ ենք ապրում, անվտանգ չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում: