Միացյալ նահանգները ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը «համաներման» հնարավոր քննարկման մասին, ասել է ԱՄՆ դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն Քիշնևում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների արդյունավետ հանդիպման հույս ունի։
«Ինչպես ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է։ Վերջերս մենք երախտագիտություն հայտնեցինք Նիկոլ Փաշինյանին խաղաղությանն ուղղված իր հանձնառության համար և ողջունում ենք Ալիևի խոսքերը համաներում հայտարարելու մասին (Արցախի – խմբ.)։ Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է միայն հավերժացնել անցյալի բռնությունը, իսկ կառուցողական երկխոսությունը՝ և՛ հանրային, և՛ մասնավոր, կարող է ստեղծել խաղաղության հնարավորություն և հույս», – եզրափակել է Միլլերը:
Հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ հնգակողմ ձևաչափով նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Մայիսի 14-ին Ալիևն ու Փաշինյանը Միշելի միջնորդությամբ արդեն հանդիպել են Բրյուսելում։ Ավելի վաղ՝ մայիսի 1-ից մայիսի 4-ը, ԱՄՆ պետքարտուղարի առաջարկությամբ և միջնորդությամբ ԱՄՆ-ում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Բանակցություններից հետո Բլինկենը նշել է, որ Երևանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել, և վերջնական համաձայնությունը «հասանելի է»: Ավելի ուշ՝ մայիսի 28-ին, Ալիևը պահանջեց լուծարել Արցախի Ազգային ժողովը, ինչպես նաև հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանի սահմանազատումը «պետք է իրականացվի Բաքվի պայմաններով»։ Ըստ նրա՝ «միայն այս դեպքում կարելի է զիջումներ անել իրենց, միայն այս դեպքում կարելի է խոսել ցանկացած տեսակի համաներման մասին»։ Նա նաեւ նշել է, որ Բաքուն այսօր «բոլոր հնարավորություններն ունի այս տարածաշրջանում ցանկացած գործողություն իրականացնելու համար»։