ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի՝ մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում, հայտնել է Արցախի ԱԳՆ-ն։
«Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Կասկածներ չունենալով, որ ԱՄՆ-ն ցանկություն ունի դրական դեր խաղալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված ու արժանապատիվ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում՝ Արցախի ԱԳՆ-ն, միևնույն ժամանակ, նշել է, որ Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրական փոփոխությունների հասնելու ցանկությանը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մայիսի 30-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ողջունում է «համաներման» հնարավոր քննարկման մասին Ալիևի խոսքերը: Նա նաև հույս էր հայտնել, որ հունիսի 1-ին Քիշնևում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա հանդիպումը արդյունավետ կլինի։