Հայաստանի օրակարգում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանն անդամակցելու հարց չկա, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ «Լուրերին» մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ցանկության դեպքում Ղազախստանը և հետխորհրդային մյուս հանրապետությունները կարող են միանալ Միութենական պետությանը:
«Այդ հարցին անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի կողմից 2023թ. հունվարին, և Հայաստանի օրակարգում նման հարց չկա»,- ասել է Բադալյանը։
Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանն անդամակցելու պաշտոնական առաջարկներ չի ստացել։
Մայիսի 24-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովի լիագումար նիստում ուշադրություն էր հրավիրել ԵԱՏՄ-ի կառուցվածքում Միութենական պետության տեսքով մի երևույթի առկայության վրա։ Նա նշել էր, որ փոխգործակցությունը Միութենական պետության շրջանակներում, որտեղ «նույնիսկ միջուկային զենքն այժմ մեկը երկուսի դիմաց է», տարբերվում է Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ ինտեգրման մակարդակից։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն оրեր առաջ ասել էր, որ եթե «ինչ-որ մեկն անհանգստացած է միջուկային զենքի հարցով», պետք է անդամակցի Ռուսաստանի և Բելառուսի դաշինքին, և «բոլորը միջուկային զենք կունենան»: