Հուսով եմ՝ այսօր կվերահաստատվի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամքը, Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն՝ անդրադառնալով Քիշնևում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպմանը։
«Այսօրվա հանդիպումը կարևոր է։ Ես մի քանի շաբաթ առաջ Բրյուսելում հնարավորություն եմ ունեցել հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի երկու ղեկավարների հետ։ Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել։ Ես հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ընդհանուր քաղաքական կամքը վերահաստատելու առիթ կդառնա»,-ասաց նա։
Մայիսի 14-ին Ալիևն ու Փաշինյանը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպել են Բրյուսելում։ Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը զեկուցել է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, երկրների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի, ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև գերիների և անհայտ կորածների հարցը։ Հանդիպման ավարտից հետո Շառլ Միշել հայտարարել էր, որ «Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»։
Ըստ պայմանավորվածության՝ Քիշնևում այսօր նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը: