ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վարչապետը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորայի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոշտայի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի, Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետի, Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի, Լատվիայի վարչապետ Կրիշտյանիս Կարինշի հետ»,-հայտնում են կառավարությունից։
Մայիսի 14-ին Ալիևն ու Փաշինյանը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպել են Բրյուսելում։ Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը զեկուցել է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, երկրների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի, ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև գերիների և անհայտ կորածների հարցը։ Հանդիպման ավարտից հետո Շառլ Միշել հայտարարել էր, որ «Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»։
Ըստ պայմանավորվածության՝ Քիշնևում այսօր նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը: