Քիշնևում մեկնարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները, Armenia Today-ին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։ Հանդիպմանը մասնակցում են նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Ավելի վաղ, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի ղեկավարի, Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։
Միջոցառման բացմանը Եվրոպական խորհրդի ղեկավարը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն Քիշնևի հանդիպումից հետո կկարողանան առաջընթաց գրանցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ «Հուսով եմ, որ այսօր մենք կվերահաստատենք քաղաքական կամքը՝ ավելի մեծ առաջընթաց գրանցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», – ասել է Միշելը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ վերջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացել էր Մոսկվայում՝ մայիսի 25-ին: Դրանից առաջ՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Մայիսի 1-4-ն ԱՄՆ պետքարտուղարի առաջարկությամբ և միջնորդությամբ ԱՄՆ-ում կայացել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել էր, որ Երևանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել, և վերջնական համաձայնությունը «հասանելի է»: