Հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում, հայտնել է ՀՀ կառավարությունը։
«Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը։ Հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կառավարությունը հայտնել է նաև, որ այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր։
Ավելի վաղ Քիշնևում տեղի էին ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանը կարճատև զրույցներ էր ունեցել մի շարք երկրների ղեկավարների՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի ղեկավարի, Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։
Միջոցառման բացմանը Եվրոպական խորհրդի ղեկավարը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն Քիշնևի հանդիպումից հետո կկարողանան առաջընթաց գրանցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ «Հուսով եմ, որ այսօր մենք կվերահաստատենք քաղաքական կամքը՝ ավելի մեծ առաջընթաց գրանցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», – ասել է Միշելը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ վերջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացել էր Մոսկվայում՝ մայիսի 25-ին: Դրանից առաջ՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Մայիսի 1-4-ն ԱՄՆ պետքարտուղարի առաջարկությամբ և միջնորդությամբ ԱՄՆ-ում կայացել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել էր, որ Երևանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել, և վերջնական համաձայնությունը «հասանելի է»: