Մենք պարզապես շատ լավ հանդիպում ունեցանք նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ և այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպման համար, որը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին, հնգակողմ հանդիպման ավարտից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր այն թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում՝ կապ, անվտանգություն և իրավունքներ, սահմանների սահմանազատում, խաղաղության պայմանագիր և այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպման համար, որը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին»,- նշել է նա։
Միշելը հայտնել է նաև, որ ԵՄ-ն քրտնաջան աշխատում է, և մտադիր է աջակցել բոլոր դրական ջանքերին հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Ես նաև հայտարարեցի, որ մտադիր եմ կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին՝ Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպման շրջանակում։ Դա նշանակում է, որ մենք ԵՄ կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի օգնություն ցուցաբերենք, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ավելի շատ առաջընթաց գրանցելուն»,- նշել է Միշելը։
Ավելի վաղ Քիշնևում տեղի էին ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանը կարճատև զրույցներ էր ունեցել մի շարք երկրների ղեկավարների՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի ղեկավարի, Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։
Միջոցառման բացմանը Եվրոպական խորհրդի ղեկավարը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն Քիշնևի հանդիպումից հետո կկարողանան առաջընթաց գրանցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ «Հուսով եմ, որ այսօր մենք կվերահաստատենք քաղաքական կամքը՝ ավելի մեծ առաջընթաց գրանցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», – ասել է Միշելը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ վերջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացել էր Մոսկվայում՝ մայիսի 25-ին: Դրանից առաջ՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Մայիսի 1-4-ն ԱՄՆ պետքարտուղարի առաջարկությամբ և միջնորդությամբ ԱՄՆ-ում կայացել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել էր, որ Երևանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել, և վերջնական համաձայնությունը «հասանելի է»: