ԱՄՆ պետքարտուղարությունը կարևորում է Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունն՝ առաջընթաց գրանցելու համար, ի պատասխան «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանն՝ արձագանքել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։
«Ոգևորված ենք շարունակական ներգրավվածությամբ և առաջընթացով, որն առկա է խաղաղության համաձայնագրի շուրջ կողմերի միջև բանակցություններում, այդ թվում այսօր Քիշնևում տեղի ունեցած առաջնորդների հանդիպումը։ Բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար՝ ներառյալ հեռանկարների լիարժեք ըմբռնումը: Կշարունակենք խրախուսել երկխոսությունը և աջակցել կողմերին, երբ նրանք աշխատում են երկարատև և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»,- ասված է պետքարտուղարության պաշտոնյայի պատասխանում:
Հունիսի 1-ին Քիշնևում տեղի էին ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանը կարճատև զրույցներ էր ունեցել մի շարք երկրների ղեկավարների՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի ղեկավարի, Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։
Միջոցառման բացմանը Եվրոպական խորհրդի ղեկավարը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն Քիշնևի հանդիպումից հետո կկարողանան առաջընթաց գրանցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ «Հուսով եմ, որ այսօր մենք կվերահաստատենք քաղաքական կամքը՝ ավելի մեծ առաջընթաց գրանցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», – ասել է Միշելը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ վերջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացել էր Մոսկվայում՝ մայիսի 25-ին: Դրանից առաջ՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Մայիսի 1-4-ն ԱՄՆ պետքարտուղարի առաջարկությամբ և միջնորդությամբ ԱՄՆ-ում կայացել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել էր, որ Երևանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել, և վերջնական համաձայնությունը «հասանելի է»: