Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին, գրում է «Ժողովուրդ»-ը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիգորյանը Բելառուսում կգտնվի հունիսի 7-8-ը, նշվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր, որ Երեւանն ինտենսիվ համագործակցում է արեւմտյան երկրների հետ անվտանգության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու համար։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը որոշակի սահմանափակումներ է ստեղծել այլ գործընկերների հետ անվտանգության ոլորտում համագործակցության համար։ «Վերջերս մենք քննարկել ենք անվտանգության ոլորտում արևմտյան երկրի հետ աշխատանքը։ Քննարկվել է մեզ օգնության հարցը՝ ոչ թե ռազմական առումով, այլ անվտանգության համակարգի ստեղծման հարցում։ Սկզբնական փուլում ասում էին, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց երբ աշխատանքային խումբը այցելեց և բանակցություններ վարեց, շատ հարցերում փոխվեց նրանց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Այս պահին մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին որոշակի խնդիրներ է ստեղծում, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ։ Մենք նաև ինտենսիվ աշխատում ենք մեր արևմտյան գործընկերների հետ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ուղղությամբ և կշարունակենք այդ աշխատանքը»,- ասել է նա։