ԿԽՄԿ ներկայացուցիչները երեկ առաջին անգամ այցելել են Ադրբեջանում գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողներին, Armenia Today-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ամատունին տեղեկացրեց, որ պահվող անձանց հետ տեղի է ունեցել առանձնազրույց, կապ հաստատվել ընտանիքների հետ՝ «Կարմիր խաչի» նամակների միջոցով։ Ընթացակարգն Ամատունու ներկայացմամբ նույնն է, ինչ մյուս պահվող անձանց նկատմամբ՝ բացառությամբ նրա, որ այս դեպքում տեսաուղերձները բացակայել են։
Ամատունին նաև տեղեկացրեց, որ մայիսին տեղի է ունեցել հանդիպում պահվող մյուս անձանց հետ։
Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների առևանգվման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մայիսի 28-ին դիմել էր ՄԻԵԴ։ Տեղեկությունը Armenia Today-ին հայտնել էր գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։
«Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջն Ադրբեջանին, այդ ժամանակ պատասխանի ժամկետ կնշանակի»,- ասել էր Հասմիկ Սամվելյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն էին տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈւ 2 զինծառայողներ: ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը։
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է։ Գերատեսչությունից տեղեկացրել էին, որ քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:
Մայիսի 27-ին հայտնաբերվել էր ՀՀ ԶՈւ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը հրապարակել էին ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալված երկու հայ զինծառայողների անունները։ Նշվում է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել։