Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը, փոխանցում է Belta-ն։
Լուկաշենկոն կոչ է արել «հեռու մնալ» ՀԱՊԿ տարածքում հակամարտություններից, հատկապես՝ զինված։ Դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է, մանրամասնել է նա։
«Համբերություն և խնդրին լուծում գտնելու փորձեր, որոնք ձեռնտու կլինեն և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։
«Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին։ «Հանդիպման մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները և դրանց չեզոքացման միջոցները»,- ասել էր ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։