Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման հետաձգումը։ «Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ճշգրիտ ամսաթիվը որոշելու համար»,- ասել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ Բաքուն հույս ունի հանդիպումն անցկացնել մոտ ապագայում։ «Կա պրակտիկա՝ ընդունող կողմից ճշգրիտ ամսաթիվ հայտարարելու վերաբերյալ»,- պարզաբանել է ադրբեջանական գերատեսչության ներկայացուցիչը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն Արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Այնուհետև ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Վաշինգտոնում նախատեսվող Երևան-Բաքու քննարկումների հերթական փուլը հետաձգվում է ադրբեջանական կողմի խնդրանքով։