ՀՀ հարցված քաղաքացիների 63.4%-ը բացարձակապես դեմ է արտահայտվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց MPG-ի հայաստանյան ղեկավար Արամ Նավասարդյանը։
Ըստ հարցման տվյալների, որն անցկացվել է մայիսի 27-31-ը հառախոսային զանգերի միջոցով ՀՀ 1100 քաղաքացու շրջանում, ավելի շուտ բացասական են գնահատել հարցվածների 18.5%-ը, ավելի շուտ դրական՝ 5.4%, դրական՝ 3.8%-ը, իսկ 8.9%-ը դժվարացել է պատասխանել։
Ըստ մեկ այլ հարցման՝ ՀՀ քաղաքացիների ավելի քան 86%-ը ( 86,4) անհնար է համարում Լեռնային Ղարաբաղի հայերի գոյությունը որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում։ 77.7%-ը դա բացարձակապես անհնար է համարում, 8,7%-ը համարվում է ավելի շուտ անհնար, 5.6%-ն ավելի հավանական է համարում, 2.8%-ը հնարավոր է համարում, 5.1%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքը 86 600 քառ. կմ ներառում է Արցախը։ «86 600 քառ. կմ ընդգրկում է Արցախը, բայց միաժամանակ ասում ենք, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով»,- ընդգծել էր վարչապետը։
Հաջորդ օրը Հայաստանի ընդդիմությունը հայտարարել էր «Ազատ Արցախ-Հայաստան հանրաքվե» շարժման ստեղծման մասին, որը կնախապատրաստի Հայաստանում հանրաքվե՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու քրեականացման հարցով։ Ավելի ուշ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ էր արել Երևանին զերծ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց. «Արցախի համար անընդունելի է ցանկացած հայտարարություն, որն անտեսում է հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։