Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել է Հայաստանի տարածքով Նախիջևան տանող հաղորդակցության ուղիների նկատմամբ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահների վերահսկողության մասին պայմանավորվածությունների բացակայության մասին։
«Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների ընթացքում, այդ թվում՝ վերջին հանդիպման ժամանակ, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հայաստանի դիրքորոշումը եղել և մնում է այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ուղիները գործում են կողմերի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ փոխադարձության սկզբունքով», – ասել են Գրիգորյանի գրասենյակից՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը։
Ավելի վաղ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել էր, որ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում, ռուս սահմանապահները կվերահսկեն Նախիջևանի և Ադրբեջանի մնացած տարածքների միջև Հայաստանի տարածքով տրանսպորտային կապերը։