Երևանն ու Մինսկը կեղբայրանան, Belta-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը։ Նրա խոսքով, Երևանի և Մինսկի եղբայրացման համաձայնագիրը արդեն պատրաստ է և կստորագրվի Երևանի քաղաքապետի Մինսկ այցի ընթացքում։
Դեսպանը մեկնաբանել է նաև Հայաստանի և Բելառուսի միջև տնտեսական ոլորտում շփումները։ «Մենք աճի լավ թափ ունենք։ Այս պահին Երևանում գործում է 6 բելառուսական խանութ, որոնք մեծ հեղինակություն են վայելում մայրաքաղաքի բնակիչների շրջանում։ Հայերը հաճույքով են գնում բելառուսական ապրանքներ»,- նշել է ՀՀ դեսպանը։
Դիվանագետը կարևոր է համարել զբոսաշրջության փոխադարձ զարգացումը։ Նա տեղեկացրել է, որ 2019-ին Հայաստան է այցելել ավելի քան 9 հազար բելառուս զբոսաշրջիկ, 2021-ին մի փոքր նվազում է արձանագրվել կորոնավիրուսի պատճառով՝ ավելի քան 7 հազար, 2022-ին այս ցուցանիշը գերազանցել է 17 հազարը, իսկ 2023-ի առաջին եռամսյակում եղել է մոտ 3500 մարդ. «Մենք հուսով ենք, որ այս թափը կպահպանվի, և դեսպանությունը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ դրա համար»,- ասել է նա։
Խումարյանը կարևորել է Բելառուսի մասնակցությունը Հայաստանում վերելակային արդյունաբերության արդիականացմանը։ Ներկայումս Բելառուսը մատակարարում է «Mogilevliftmash» ընկերության արտադրության վերելակները, իսկ Երևանի քաղաքապետարանն ակտիվորեն փոխում է բազմաբնակարան շենքերի վերելակները։