«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը
հարցադրում է արել, թե ինչով է պայմանավորված, որ հավաքների են հրավիրվում 3-4 տարի առաջ պարտադիր ժամկետային զինծառայություն անցած, 44-օրյա պատերազմին մասնակցած անձինք:
«Մի կողմ դնենք պատերազմին նրանց մասնակցությունը: Եթե վերջիններս 3 տարի առաջ ծառայության մեջ են գտնվել, ապա դեռ «նորմալ մարզավիճակում են» և նրանց վարժական հավաքների ներգրավելու նպատակահարմարություն չկա»,- գրել է նա:
Ըստ պատգամավորի՝ եթե գլխավոր խնդիրը պահեստազորի մարտունակության հարցն է, ապա հավաքների առաջին հերթին պետք է ներգրավել այն անձանց, ովքեր 7-8 ու ավել տարի առաջ են ծառայել ու ակնհայտորեն նրանց հետ աշխատելու տեղ կա:
«Բացառություն կարող են լինել հերթական կոչումի կամ նոր զինատեսակների մասնագիտացման հետ կապված հավաքները: Իսկ երբ պաշտպանության նախարարությունը համալսարանական կրթության ավարտին` դիպլոմ ստանալուց առաջ, վարժական հավաքի ծանուցագիր է տալիս պատերազմի մասնակցին, ապա դա խոսում է այն մասին, որ կառավարությանը խնդիրը ոչ թե կոնկրետ օրենքով սահմանված առաջնահերթություններն են, այլ թիվ, պլան կատարելը»,- գրել է Աբրահամյանը:
Հայաստանում մարտից մեկնարկել է պահեստազորայինների վարժական հավաքների նոր փուլը։ Այս անգամ դրանք, երեք ամսվա փոխարեն, 25 օր են տեւում։ Առաջին փուլով հավաքներին կմասնակցեն ավելի քան 3 հազար քաղաքացիներ։ 25-օրյա հավաքները պարտադիր է 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար։
«7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն, բայց դա լինում է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար»,- ասել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։