Այն, որ ՀՀ ԱԳՆ-ն երկերեսանիորեն մեղադրում է Ադրբեջանին ռազմական սադրանքների մեջ և խրախուսում է միջազգային առաքելություն ուղարկել Ղարաբաղի տարածաշրջան, որը մեր ինքնիշխան տարածքն է՝ հակասելով մեր երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս երկիրը որևէ նշանակություն չի տալիս իր միջազգային պարտավորություններին, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով ՀՀ ԱԳն հայտարարությանը։
«Հայաստանը խաղաղարար ջանքերին խոչընդոտելու և ստահոդ հայտարարություններով հանդես գալու փոխարեն՝ պետք է գործով հարգի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որի մասն է կազմում Ղարաբաղի շրջանը, և անհապաղ դուրս բերի հայկական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի` միայն ադրբեջանական կողմից խախտումներ այն դեպքում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ։