Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության միտումներ են նկատվում, ադրբեջանական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում, որից հետո որպես կանոն դիմում է որոշակի քայլերի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Չեմ կարող ասել, թե ադրբեջանական կողմը լայնածավալ գործողություններին կամ լրացուցիչ էսկալացիային ուղղված քայլեր է իրականացնում, բայց որ սա չի նպաստում բանակցային գործընթացին, դա ակներև է»,- շեշտեց պաշտպանության փոխնախարարը։
Հարցին, թե առաջ գալու միտում ադրբեջանցիներն ունեցել են, թե ոչ, Սարգսյանը պատասխանեց, որ նման միտում չի եղել, եղել են հեռահար կրակոցներ:
Հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Գերատեսչությունից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան:
ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնել էր, որ Երասխում Բաքվի կողմից հայկական դիրքերի գնդակոծման ժամանակ օտարերկրյա երկու քաղաքացի է վիրավորվել։ Նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են, որոնք ներգրավված են օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Երասխ գյուղի մերձակայքում գտնվող հայկական դիրքերը։ «Երասխի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վնասվել է քաղաքացիական մեքենա և ևս մեկ օբյեկտ»,- հայտնում էր գերատեսչությունը։
ՀՀ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմն ուղղորդված կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ «Այժմ, գնդակոծելով կառուցվող գործարանը, Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ»,- ասված էր հայտարարությունում: