Հռոմի կանոնադրությունն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով՝ վավերացման համար, հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում կատարելով Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։
«Հայաստանի կառավարությունից առայժմ չեն պարզաբանում՝ արդյոք Հայաստանը վերապահումներով կմիանա միջազգային համաձայնագրին։ Հստակ չէ նաև՝ իշխող ուժը կողմ կքվեարկի՞ Երևանի՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը միանալու նախաձեռնությանը»,- հայտնել է աղբյուրը։
Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը մարտի 27-ին ТАСС-ին և РИА Новости-ին հայտնել էր, որ Մոսկվան «բացարձակապես անընդունելի» է համարում ՄՔԴ-ի Հռոմեական ստատուտին միանալու Երևանի պլանները՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ օրդերների ֆոնին: Հաագայի Միջազգային քրեական դատարանի պալատը մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր էր տվել:
Հայաստանը լսել է Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին, ասել էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։