ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի քննիչ հաձնաժողովի նիստի ժամանակ խոսեց Շուշիի անկման մասին, մարամասնեց քննադատություններն իր հասցեին, թե Շուշին հնարավոր է եղել հայկական պահել, սակայն ինքը դա չի արել։
Ըստ Փաշինյանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահն իրեն ասել է, որ ադրբեջանական կողմն ունի ևս մեկ պայման, որ ադրբեջանցի փախստականները, որոնք ըստ ադրբեջանական կողմի, հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, վերադառնան Շուշի։
«Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր, որովհետև նրանք ասում էին, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլանի մեջ միշտ էլ ներառված է եղել փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցը Ղարաբաղ»,- նշեց վարչապետը։
Նա պարզաբանեց, որ այս պատճառով է նոյեմբերի 9-ից հետո ԱԺ-ում հայտարարել է, որ Շուշիի հարցը միշտ էլ բանակցային օրակարգում է եղել, որովհետև եթե ասվում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան ԼՂ կարիք կա՞ պարզաբանելու, որ պետք է վերադառնան այն բնակավայրերը, որտեղ նրանք ապրել են նախկինում։
«Ահա ուրեմն ինձ ինչի մեջ են մեղադրում, որ եթե ես համաձայնվեի, որ ադրբեջանցիները վերադառնային Շուշի, այն կմնար հայկական վերահսկողության ներքո և թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված՝ կլիներ հայկական, այդ ձևակերպումն ինքնին խնդրահարույց է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ՌԴ նախագահն առաջարկել է այս հարցը փոխկապակցվածության մեջ դնել ԼՂ կարգավիճակի հետ, որի հետ ինքը համաձայնվել է, սակայն ադրբեջանական կողմը նախկինի նման հրաժարվել էր դրանից ՝ ասելով, որ ինքը կարգավիճակի հետ կապված որևէ հարց պատրաստ չի քննարկել։
«Պարզվեց, որ Շուշին Ադրբեջանին կապող նոր ճանապարհ պիտի կառուցվի, որպեսզի ադրբեջանցիները Շուշի հասնելու համար Լաչինի միջանցքից կամ որևէ այլ գործող ճանապարհից օգտվելու անհրաժեշտություն չունենան։ Այդ ճանապարհը կարող է լինել օրինակ Կուբաթլիով»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը հայտնեց, որ Լաչինի միջացքը չօգտագործելն ինքնըստինքյան նշանակում էր, որ այն կարող էր փակվել։ Նրա խոսքով՝ պատերազմի դադարեցման հիմքում խաղաղապահներն էին, որոնք պետք է կանգնեին ոչ միայն Արցախում, այլ նաև Մեղրիում։
«Ես չհամաձայնվեցի, ասելով՝ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ։ Այսպիսով՝ հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին․ բոլոր 7 շրջաններն անցնում էին Ադրբեջանի վերահսկողության տակ, ԼՂ կարգավիճակի հարցը մնում է անորոշ, այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, Շուշին վերը նկարագրված սցենարով հանձնվում է, Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ և ասձտացի ստեղծվում է միջանցք»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ նման պայմաններին նա չէր կարող համաձայնվել, որքան էլ հասկանում էր իրադրության ծանրությունը։ Հիմա էլ չէր համաձայնվի։ Նա նշեց, որ եթե հիմա որևէ մեկը կարող է ասել, թե համաձայն կլիներ, թող բարձաձայն հայտարարի այդ մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։