Ֆրանսիայից ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Լուազոն Հայաստանում է Եվրախորհրդարանի 6 անդամներից բաղկացած պատվիրակության գլխավորությամբ։
«Մենք մոտեցանք Լաչինի միջանցքի մուտքին՝ սեփական աչքերով տեսնելու Ադրբեջանի իշխանությունների կողմից միջանցքի ապօրինի և ամբողջական արգելափակումը»,- ասել նա։ Պատգամավորի խոսքով, Եվրախորհրդարանի պատվիրակությունը տեղեկացվել է նաև ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ զինված միջադեպերի աճի, Երասխում տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ թիրախավորվել են խաղաղ բնակիչները, ինչպես նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ Ադրբեջանական զինուժը փորձել է դրոշ բարձրացնել կամրջի մյուս կողմում։
«Կցանկանայի ուժեղ ուղերձ հղել, քանի որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղությանը, Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել, որ ինքը նույնպես հավատարիմ է խաղաղությանը»,- ասել է Լուազոն։
Նա նաև հայտարարել է միջանցքի շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ «Ուզում եմ հաստատել Եվրախորհրդարանի դիրքորոշումը։ Լաչինի միջանցքի արգելափակումն անօրինական է և պետք է դադարեցվի, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու բարեկեցությունը պետք է պաշտպանված լինեն, պետք է հարգել ՀՀ ինքնիշխանությունն ու ամբողջականությունը»,- ընդգծել է պատգամավորը։
Նա նաև կոչ է արել Բաքվում գտնվող եվրոպացի դեսպաններին զերծ մնալ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հաստատված անցակետ այցելելուց։ «Քանի որ Լաչինի միջանցքի արգելափակումն անօրինական է, ես ուղերձ ունեմ Բաքվում հավատարմագրված եվրոպացի դեսպաններին, որ եթե Ադրբեջանի իշխանությունները հրավիրեն այցելել ապօրինի տեղադրված անցակետ, ապա պետք է ձեռնպահ մնալ հրավերն ընդունելուց՝ հետևելով Արդարադատության միջազգային դատարանի որոշման դրույթներին»,- ասել է նա:
Հանրապետության կառավարությանն առընթեր Արցախի տեղեկատվական շտաբը հունիսի 15-ին հայտնել է, որ Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով մարդասիրական և բեռնային բոլոր փոխադրումները։ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Armenia Today-ին հաստատեց, որ Կարմիր Խաչը հունիսի 15-ին դադարեցրել է հիվանդների տեղափոխումը Լաչինի միջանցքով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանի այս գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումներ իրականացնելու նրա մտադրության ևս մեկ ապացույց են։