Երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական սահմանը նախատեսվում է բացել մինչև զբոսաշրջային սեզոնի սկիզբը, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական հարաբերությունների գծով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Հիմա ՀՀ-ն կարգի է բերում «Մարգարայի» անցակետը։ Հուսով ենք, որ թուրքական կողմը նույնպես հավատարիմ կմնա ձեռք բերված պայմանավորվածություններին, և վերոնշյալ կատեգորիայի քաղաքացիների համար ցամաքային սահմանը կբացվի այս տարվա ամռանը»,- նշել է Ռուբինյանը։
Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ըստ Ռուբինյանի, աստիճանաբար առաջ է ընթանում, նա մանրամասնել է, որ անհրաժեշտության դեպքում կապի մեջ է լինում իր թուրք գործընկեր Սերդար Քըլիչի հետ։ Միաժամանակ հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ դեռ չկան։
Հուլիսի 1-ին Վիեննայում ՀՀ-ն և Թուրքիան պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Ավելի վաղ՝ մարտի 24-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Երևանն ու Անկարան հաստատել են իրենց պատրաստակամությունը բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար մինչև տուրիստական սեզոնի սկիզբը։