Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, հայտնում են ԶԼՄ-ները։
ԱԳՆ-ից հայտնել էին, որ հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարը մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից մեկնարկելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
Հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Հունիսի 5-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն Արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Հունիսի 8-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Վաշինգտոնում նախատեսվող Երևան-Բաքու քննարկումների հերթական փուլը հետաձգվում է ադրբեջանական կողմի խնդրանքով։
Մայիսի 1-ից 4-ը ԱՄՆ պետքարտուղարի առաջարկությամբ և միջնորդությամբ ԱՄՆ-ում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Բանակցություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել, սակայն որոշ հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները դեռևս տարբերվում են։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ում կայացած բանակցություններում կողմերին հաջողվել է համաձայնության գալ խաղաղ համաձայնագրի որոշ կետերի շուրջ՝ ընդգծելով, որ բավարար տարաձայնություններ են մնացել։ Բլինկենը նշել է, որ Երեւանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել, իսկ վերջնական համաձայնությունը «հասանելի է»։