ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում դրական է գնահատել խաղաղ գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու համար գործադրած Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը:
«Մենք կշարունակենք օգնել նրանց ամեն կերպ՝ այդ գործընթացը զարգացնելու համար»,- ասել է նա:
Միլլերը հրաժարվել է մանրամասնել, թե Վաշինգտոնն ինչ ակնկալիքներ ունի բանակցություններից՝ ընդգծելով, որ ընթանում է փակ բանակցային գործընթաց:
«Շարունակում ենք հավատալ, որ հնարավոր է հասնել խաղաղության: Նախկինում ևս հյուրընկալել ենք երկու կողմերին, իսկ պետքարտուղարը մի շարք առիթներով զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Կարծում ենք, որ այս շաբաթվա հանդիպումները կարևոր են, ու կարևոր է, որ առաջընթաց գրանցվի»,- նշել է Միլլերը:
Միլլերը տեղեկացրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո հանդիպել են եռակողմ ձևաչափով:
Նշենք, որ բանակցությունների վայրն անփոփոխ է. այն տեղի է ունենում Վաշինգտոնին մոտ գտնվող Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում: