Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ-Բրայենի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի:
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքին, ինչպես նաև հայ-թուրքական գործընթացին վերաբերող հարցեր:
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, hայկական կողմն ունի 4 զոհ: Ավելի ուշ Արցախի ԱԺ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ Վաշինգտոնյան բանակցություններում ՀՀ պատվիրակությանը կոչ էր արել անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման 5 դեպքի մասին։
Հունիսի 27-ին Վաշինգտոնում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Ավելի վաղ Միրզոյանը բանակցություններ էր վարել Բլինքենի հետ։ Հունիսի 28-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել էր, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։