ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բրիտանա-նիդերլանդական «Shell» ընկերության ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների գծով փոխտնօրեն Ջոանա Քուենսբերգի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Վարչապետը ողջունել է հեղինակավոր ընկերության մուտքը հայկական շուկա, որի առաջին բենզալցակայանը հունիսի 29-ին բացվել է Երևանում: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ընկերությունն իր գործունեությամբ նոր որակ և բիզնես մշակույթ կներդնի հայկական շուկայում: Վարչապետն ընկերությանը մաղթել է հաջողություններ և ընդգծել, որ Կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ջոանա Քուենսբերգը մանրամասներ է փոխանցել հետագա ծրագրերի վերաբերյալ և տեղեկացրել, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է Երևանում և բոլոր մարզերում գործարկել 25 բենզալցակայան, որտեղ կմատուցվեն նաև տարբեր այլ ծառայություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրիտանա-հոլանդական «Shell» էներգետիկ ընկերությունը Հայաստանում բենզալցակայանների ցանց կբացի։ «Shell»-ը զբաղվում է նավթի և գազի արդյունահանմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ։ Ընկերությունը շահույթով խոշորագույններից մեկն է ոլորտում։