ՀՀ իշխանությունները չեն հրաժարվի խաղաղության օրակարգից, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով Արցախի խորհրդարանի պահանջը՝ դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ։
«ՀՀ դիրքորոշումն այն է, որ մեր առջև ծառացած անվտանգության խնդիրների միակ համակարգային լուծումը տարածաշրջանում խաղաղությունն է։ Մենք ընդունեցինք խաղաղության օրակարգը, այս օրակարգով մասնակցեցինք և հաղթեցինք ընտրություններում, և մենք չենք հրաժարվի այս օրակարգից։ Եթե մենք ցանկանում ենք տարածաշրջանային խաղաղություն և կայունություն, Եթե մենք ուզում ենք մեր երկրի համատեքստում, մեր երկրի շուրջ ունենալ խաղաղություն, ապա մենք պետք է շարունակենք բանակցությունները, իսկ Արցախի իշխանություններն ունեն իրենց կարծիքի իրավունքը»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բաքվի հետ բանակցությունները ֆիկտիվ չեն, եթե բանակցություններին զուգահեռ Արցախում սպանվում են ՊԲ զինծառայողներ, Ռուբինյանը նշել է, որ այդ տրամաբանությամբ բանակցություններ երբեք չպետք է տեղի ունենային։
«Այս տրամաբանությամբ՝ 1994 թվականից ի վեր երբեք բանակցություններ չպետք է տեղի ունենային, քանի որ այդ ժամանակվանից Ադրբեջանը մշտապես սադրանքներ է իրականացրել թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի սահմաններին։ Նույնիսկ այն ժամանակ ադրբեջանական կողմը սադրանքներ է իրականացրել բանակցությունների ընթացքում, ինչպես նաև դրանցից առաջ և հետո»,- ընդգծել է Ռուբինյանը։