Կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն այլընտրանք չունի, որովհետև խաղաղությունն է մեր ինքնիշխանության և անվտանգության ամենավստահելի գործոնը, շնորհավորելով ՀՀ սահմանադրության օրը՝
գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ արտաքին անվտանգության ոլորտի մեր խնդիրները հայտնի են յուրաքանչյուրին ու այստեղ լրջագույն մարտահրավերներ ունենք:
Խաղաղության օրակարգի իրագործումը, նրա խոսքով, երաշխավորված չէ այն պարզ պատճառով, որ կախված չէ միայն մեզնից, բայց որ մենք բոլոր լեգիտիմ ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հասնելու համար, նույնպես ակնհայտ է և աներկբա:
«Այս իմաստով՝ առանցքային են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման պատշաճ մեխանիզմների ստեղծումը և Հայաստանի Հանրապետության՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչումը»,- նշել է նա:
Սահմանադրական իրականության ապահովման ոլորտում մեր ամենամեծ մարտահրավերները վարչապետի խոսքով մնում են արտաքին անվտանգությունը (խաղաղությունը և/կամ արտաքին սահմանա/դրությունը) և անառարկելիորեն վստահելի դատական համակարգը: Վստահելի բոլորի համար. և՛ Կառավարության, և՛ ընդդիմության, և՛ հանրության:
«Դատաիրավական համակարգում ունենք էական առաջընթաց, որն արտահայտվում է հետևյալով. այսօր որևէ անմեղ մարդ չի կարող մեղադրական վճռի արժանանալ, անհարկի ձերբակալվել կամ կալանավորվել: Այսօր որևէ մեկն իրեն չի կարող համարել օրենքից վեր: Բոլոր մարդիկ իրապես հավասար են օրենքի առջև»,- շեշտել է Փաշինյանը: